Ի՞նչ է Երիտասարդական Բանկը
Երիտասարդական բանկը ծրագիր է, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին տրամադրել դրամաշնորհներ իրենց համայնքներում: Հայաստանի 8 մարզերում և Երևանում գործում են ԵԲ կոմիտեները:
Յուրաքանչյուր տարի ԵԲ կոմիտեները հայտարարում են փոքր համայնքային դրամաշնորհներ` կայացնելով սեփական որոշումները, թե ինչ ծրագրեր են ֆինանսավորելու: Ամեն տարի յուրաքանչյուր բանկ ֆինանսավորում է 5-6 համայնքային ծրագիր, որոնք ուղղված են լուծելու տեղական կարևոր խնդիրները:
Երիտասարդական բանկի միջոցով երիտասարդները ոչ միայն դրամաշնորհներ են տրամադրում, այլ նաև ձեռք են բերում այնպիսի հմտություններ, ինչպիսիք են կամավորությունը, առաջնորդությունը, որոշումների կայացումը, թիմային աշխատանքը և կարիքների գնահատումը, հաղորդակցվելու ունակությունները, հաշվետվությունների կազմելը և ներկայացնելը և այլն:
Երիտասարդական բանկը Հայաստանում
Երիտասարդական բանկը Հայաստան եկավ 2007թ.-ին` ի շնորհիվ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Հյուսիսային Իռլանդիայի համայնքային հիմնադրամի համագործակցության:
16 -ից 25 տարեկան 5-7 երիտասարդներից կազմված խմբերը, կամ ինչպես մենք ենք անվանում` “բանկերը”, անցնում են որոշակի փուլերով և ստանում ամենատարբեր գիտելիքներ, ինչի արդյունքում էլ տրամադրվում են դրամաշնորհները: Ընդամենը 300-500 ԱՄՆ դոլար աջակցությամբ լուծվում են այնպիսի համայնքային խնդիրներ, ինչպիսիք են աղբահանությունը, շրջակա միջավայրի մաքրությունը և պաշտպանությունը, երիտասարդների իրավունքները և այլընտրանքային կրթությունը, ձեռագործական/փայտամշակման հմտությունները և այլն:
2009թ.-ին Երիտասարդական բանկ ծրագիրը համաֆինանսավորվել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից:
Ծրագրի գործընկերներն են. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, Ջինիշյան հիշատակի հիմնադրամը, Հյուսիսային Իռլանդիայի համայնքային հիմնադրամը, ինչպես նաև հայաստանյան հասարակական կազմակերպություններ 8 մարզերում և Երևանում, տեղական և մարզային մամուլի ներկայացուցիչներ:







