Նորություններ
Հունիսի 22-ին Արմավիրում տեղի ունեցավ Արմավիրի ԵԲ կոմիտեի կողմից ֆինանսավորած “Ճանաչենք մեր իրավունքները” ծրագրի ավարտական փուլը: Ինչպես և նախատեսված էր ծրագրում, ինտելեկտուալ մրցույթին մասնակցում էին Արմավիրի մարզի 5 գյուղական համայնքների դպրոցների միջին դասարանների աշակերտները: Տանձուտ, Նորապատ, Փշատավան, Մայիսյան և Լենուղի համայնքների աշակերտները, անցնելով մեկամսյա դասընթաց “իրավունք”, “ընտրություն”, “ՄԱԿ”, “քաղաքացի”, “փախստականներ/միգրանտներ” հասկացությունների վերաբերյալ, մեծ ոգևորությամբ մասնակցում էին ինտելեկտուալ խաղին: Ինտելեկտուալ խաղի երկրորդ մասը յուրահատուկ ամփոփում էր, որի ժամանակ փոքրիկ բեմականացումների կամ նկարազարդ պաստառների միջոցով ներկայացվեցին ուսումնասիրված թեմաները: Որպես ծրագրի ավարտ և ամփոփում` Լուսինե Հայրապետյանի կողմից կազմվել է գրքույկ` համակարգված ներկայացնելով ուսումնասիրված թեմաները:
Ժյուրիի անդամներն էին Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Արամ Դոլինյանը, Արմավիրի մարզի կրթության, սպորտի և մշակույթի վարչության Սպորտի և մշակույթի բաժնի առաջատար մասնագետ Արտակ Առաքելյանը, Արմավիրի զարգացման կենտրոնի ծրագրերի համակարգող Անահիտ Նահապետյանը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Արմավիրի ԵԲ կոմիտեի ներկայացուցիչներ: Միջոցառմանը ներկա էին Արմավիրի տարբեր համայնքների դպրոցների ուսուցիչներ, տնօրեններ, աշակերտներ, տեղական “ԱԼՏ TV” հեռուստաընկերության լրագրողներ, հասարակական կազմակերպություններ: Հաղթող թիմ ճանաչվեց Տանձուտի միջնակարգ դպրոցը:







